Աբրամովիչը մտադիր է «Չելսի» վերադարձնել Ավրաամ Գրանտին

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է լոնդոնյան ակումբի մարզչական շտաբ վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ, իսրայելցի Ավրաամ Գրանտին, հաղորդում է Goal.com-ը։

Աբրամովիչը չի ցանկանում հեռացնել թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, սակայն վերջին հանդիպումներում անհաջող արդյունքներից հետո հույս ունի, որ Գրանտը կկարողանա օգնել 42-ամյա մարզիչին իր փորձով եւ գիտելիքներով։

65-ամյա Գրանտն այժմ հնդկական «Նորթ-Իստ Յունայթեդ» ակումբի մարզական տնօրենն է։

Գրանտը «Չելսին» գլխավորել է 2007թ․ սեպտեմբերից մինչեւ 2008թ․ մայիս՝ նվաճելով Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը։ Չեմպիոնների լիգայում նրա ղեկավարությամբ «Չելսին» հասավ եզրափակիչ եւ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» 17 տուրից հետո 26 միավորով 9-րդ տեղում է։

Վերջին գրառումները

Ընտրացանկ