Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Վերջինին մասնակցում են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննարկելու հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։

Նախարարի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը նոր վճռականությամբ է ձեռնամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթանելու և հանցագործությունների կանխարգելման ու քրեական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։

Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնահերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կանխարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրեական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է նաև ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։

«Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։

«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։

Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և բոլոր մասնակիցներին մաղթել է  արդյունավետ քննարկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed