Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է

2021 թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որևէ միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը լուրջ քայլեր է ձեռնարկել: Ալիևը հայտարարել էր նաև, թե իբր «Ռուսական երկաթուղիները» Հայաստանի երկաթուղիների սեփականատերերն են, այդ պատճառով Բաքուն այդ հարցն ավելի շատ քննարկում է ռուսական կողմի հետ։Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Հայկական ժամանակին» հայտնել են, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:

«Հայտնի է նաև, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:  

Վերջին գրառումները

Ընտրացանկ