Ասենսիո․ Մենք չարացած եւ հիասթափված ենք, որ չկարողացանք դուրս գալ եզրափակիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մեկնաբանել է ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում։ «Ռեալը» Մալագայում տեղի ունեցած խաղում 1։2 հաշվով պարտվել էր Բիլբաոյի «Աթլետիկին»։

«Մենք գիտեինք, որ «Աթլետիկը» ճնշում կգործադրի, քանի որ շատ աշխատասեր թիմ է։ Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ անցկացրինք, քան առաջինը, բայց դա բավարար չեղավ հաղթանակի համար։

Մենք չարացած եւ հիասթափված ենք, որ չկարողացանք դուրս գալ եզրափակիչ, բայց հիմա ունենք այլ նպատակներ եւ պետք է կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա։ Մենք չենք կարող ժամանակ կորցնել»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում հունվարի 17-ին Սեւիլիայում կմրցեն «Բարսելոնան» ու «Աթլետիկը»։

Ընտրացանկ