Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ընդդիմադիրների հանրահավաքի ընթացքում իր հասցեին հնչած խոսքերին

«Մարտի 1-ի ու սահմանադրական կարգի տապալման քրծով գլխավոր մեղադրյալներից մեկին

Այո, ես «դասալիք» եմ՝ ծնված 1973թ․ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում՝ ուղիղ նշանառությամբ թուրքի պոստից 1,5 կիլոմետր հեռավարության վրա, և, այո, 1988թ․, երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները իմ տանից ուղիղ 1 կիլոմետր ներքև՝ Ոսկեվան ու թուրքաբնակ Բաղանիս Այրում գյուղերի միջև, ոչ թե 14, այլ 15 տարեկան էի։ Գեներալ, տարրական թվաբանություն, գումարում ու հանում և հաշվել սովորեք։ Ասում են, որ այլ բաներ հաշվելուց լավ եք եղել։ Դա ճանաչողներն են ասում։

Ու այդ տարիքում, մինչև իմ գյուղին ու այլ ադրբեջանաբնակ գյուղերից թուրքերի հեռանալը, ծնողներիս հետ ապրել եմ գնդակոծության տակ, «Կոլցո» օպորացիայի մեջ, մինչև դարձել եմ ԵՊՀ ուսանող, բայց անգամ այդ տարիներին, ուսանող լինելով, սարերով-ձորերով հասել իմ գյուղ, երբ մեր գյուղի տոտալ տարհանման իրավիճակներ են եղել, իմ ծնողները հրաժարվել են դուրս գալ սեփական տնից, ու ես նրանց մենակ չէի կարող թողնել։

Այո, այդ 15 տարեկանում իմ ընկերների հետ «դասալքաբար» առնվազն ջուր էինք տանում մեր տանի դիմացի սարին դրված դիրք՝ որտեղ ավագները գյուղն ու սահմանն էին պաշտպանում, իսկ հրանոթների համազարկի դղրդոցից իմ տան պատուհաններն էին թափվում, իսկ հակառակորդի տանկի սնարյադն ընկնում ուղիղ դիմացի տան վրա։

Այդ «դասալիքության» տարիներին ու «Կոլցո» օպերացիայի ժամանակ էր, որ ոչ հարազատ ոստիկան հորեղբայրս գերավարվում ու 60 օր անց է կացնում Գանձակի բանտում։

Բայց ես ամենևին հերոս չեմ, գեներալ։ Հանկարծ դա չհասկանաք գրածիցս։ Ես ընդամենը սովորական մեկն եմ, ով պատանեկությունից հետո իր ժողովրդի նման սովորել է թուրքից չվախենալ ու ընդամենը ապրել իր սահմանի վրա գտնվող տանը, ուղիղ նշանառության տակ։ Իմ սահմանապահ գյուղից ու շրջանից յուրաքանչյուրն ավելին է արել, քան ես։ Ամենաքիչը ես եմ արել։

Բայց նաև շատ շատ տարօրինակ զրույցներ լսել մի գեներալի մասին, ով այդ տարածքներում կարողանում էր Ջողազի ջրամաբարից մեր տարածաշրջան եկող խողովակաշարերը ապամոնտաժել, վստահ եմ ու ենթադրում եմ՝ բանակի կարիքների համար։ Բայց տարօրինակն այն է, որ նրա վրա հիմնականում չէին կրակում, ասում էին, որ լավ պայմանավորվում է թուրքի հետ (ասում են՝ միայն Կոթի գյուղի տրակտորիստի վրա կրակեցին միայն)։

Իսկ այ, ես, երբ ուսանող ժամանակ հիվանդ հորս փոխարեն նախրապան էի գնում, իմ վրա «չգիտես թե ինչու» կարկում էին։ Ավելին, գեներալ, այդ գեներալի պաշտոնավարման շրջանում շատ տարածված էր անասնագողությունը ու լիքը շշուկներ կային գեներալի մասին․․․ Եվ որ ամենասարսափելին էր, 1998թ․ 7 ադրբեջանցի զինվորականներ հորս փորձեցին պատանդառել անասունների հետ միասին, իսկ ինքը անպատկերացնելի խիզախությամբ ու ճիշտ հաշվարկով խուսափեց գերի ընկնելուց, իմ ու հորեղբորս աչքի առաջ, երբ մենք թուրքի Ուղտի մեջքի տակ էինք, գեներալ։ Ասում են, այդ գեներալից հետո անասնագողությունները դադարեցին․․․ Մինչև օրս․․․ Միգուցե դուք իմանա՞ք այդ գեներալի անունը, պարոն գեներալ․․․

Ու երբ պատերազմն ավարտվեց, ես էլ իմ երդմնակալության օրն ունեցա քիմիական զորքերում, լեյտենանտի կոչում ստացա և սկսեցի զբաղվել գիտությամբ։ Բայց, ով զարմանք, այն մեծ, աշխարհում եզակի գիտահետազոտական ու կառավարչական հիմնարկը՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը փշուր փշուր արվեց գեներալի պաշտոնավարման տարիներին, ինչպես որ իմ պատանեկական երազանքը՝ դառնալ լավ սեյսմոլոգ ու կանխատեսել երկրաշարժերը․․․

Պետք է խոստովանեմ, գեներալ, որ «դասալիք» եմ, որովհետև ոչ մեկին զինծառայությունից չեմ ազատել, Արցախում զինծառայության հարցերը փողով Հայաստան չեմ դասավորել, այլ հակառակը՝ անխտիր իմ բոլոր զարմիկները ծառայել են Արցախում։ Ես պատգամավոր էլ եմ եղել, ի դեպ, գեներալ։ Բայց Արցախում անգամ չեն էլ իմացել, որ եղբորս տղան այնտեղ է ծառայում․․․

Ես անգամ «սահմանադրական դասալիք չեմ», որովհետև բանակ չեմ հանել իմ ժողովրդի դեմ, 2008թ․ մարտի 1-ին Ժառանգություն խմբակցությամբ իմ գործընկերների հետ բացառապես խաղաղարար գործունեությամբ էի զբաղվում՝ Լարիսա Ալավերդյանին խնդրելով, որ գնա Ոստիկանապետի հետ հանդիպման ու խնդրի թույլ չտալ արյւոնահեղություն, Անահիտ Բախշյանի հետ հանդիպում էի դիվանագետների հետ, խնդրում, որպեսզի բանակցությունների կոչ անեն ընդդիմության և իշխանության միջև և լարվածությունը լուծվի խաղաղ ու քաղաքական եղանակներով։

Ավաղ, հետո իմացա, որ մի գեներալ «կայուն հոգեկերտվածքով» զինվորականներից խմբեր է կազմել ու բերել Երևան, այդ թվում իմ պապերի, կնոջս Արցախից, որոնք կարող են ու ունակ են կրակել ժողովրդի վրա․․․

Մեղքս ինչ թաքցնեմ, գեներալ։ 2016թ․ ապրիլյան պատերազմին էլ ինչով կարողանում «դասալիքություն» էի անում՝ Մատաղիսում քրոջ տղա ունեի, Լելե-Թեփեի տակ՝ փեսա, ինքս էլ դիվանագիտական ու քարոզչական ճակատներում իմ բանակի ու իմ երկրի առաջնագծում էի։ Բանի տեղ չեմ դրել մի գեներալի շուրջ պտտվող տարբեր պատմությունների․․․

Դեհ, այս մի պատերազմի մասին չասեմ․ այո, Հանրային խորհրդում հենց սեպտեմբերի 28-ին օպերատիվ շտաբ էի ձևավորել, նպաստում էի զենք, զինամթերք, հումանիտար օգնություն բերելուն, նամակներ էի գրում դեսպանների, աշխարհին, հրավիրում։ Օ ոչ, իմ նախորդի՝ Վազգեն Մանուկյանի նման Եվրոպա հյուրանոցում չէի, այլ իմ ստեղծած շտաբում՝ 44 օր ու գիշեր շարունակ։ Չէի զանգում զինվորականներին, որպեսզի նրանք չենթարկվեն բարձրագույն հրամանատարությանը։ Այո, «դասալիք» էի․․․

«Դասալիք», ով իր ընտանիքից 10 մարդ էր ուղարկել առաջնագիծ՝ Օմար, Մարաղա, Խոջալու, Վարանդա/Ֆիզուլի, Հադրութ, Հորադիզ ու Կուբաթլու՝ զինծառայողից մինչև կամավորական։ Այո, գեներալ, այդ «դեզերտիրների» ընտանիքից Սեդա Սաֆարյանին ճանաչում եք։ Նրա ամուսինը ու միակ որդին առաջին օրից այնտեղ էին։

Նրա ամուսնուն ինչ-որ գեներալներ ստիպել էին Հադրուդի գնդում թողնել ավտոմեքենան՝ վերադառնալու պայմանով, բայց գունդն ու ավտոմեքենան անվնաս հանձնել էին թշնամուն, նա վիրավորվել էր Մարտունու կռիվներում, գեներալ․․․ «Դեզերտիրներին» հո՞ չեն հայտնի․․․

Ու լիքը պատմություններ գեներալ՝ քրոջ տղաներից, եղբոր տղաներից, եղբորիցս, թե ինչ էր կատարվում առաջնագծում․․․ Որոնք մի օր պատմվելու են․․․
Թերևս, արժե մտածել ու լավ փաստաբաններ պահել, գեներալ․․․

Բանակ չեմ թալանել, դղյակներ չունեմ, գեներալ, սիրով հրավիրում եմ սահմանի իմ «դղյակը», միգուցե դուք էլ ձերը հրավիրեք․․․ Ոչ միայն ինձ, այլ ձեր ժողովրդին․․․»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed