«Այսօր վարչապետ ներկայացող անձը ճակատագրական որոշումներ է կայացնում՝ առանց հանրության հետ քննարկելու». Ստեփան Դանիելյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հոդվածով անդրադարձել էր «Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության» հարցին:

Դեպի «Չորրորդ Հանրապետություն» վերտառությամբ հոդվածում՝ անդրադառնալով մեր ազգի ու պետության ճակատագրին, վերելքներին ու վայրէջքներին՝ նախագահ Սարգսյանը նշել է.

«Այսօր մենք վերապրում ենք մեր պատմության հերթական համազգային հոգեբանական վհատության պահը, և բացարձակապես մեզնից է կախված, թե կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան:

Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են: Կարծես վերից վար մեզնից յուրաքանչյուրի մոտ ցանկություն չկա ինքնուրույն բովանդակային պատասխանատվություն ստանձնել սեփական ճակատագրի համար: Խոսքը ոչ թե ինքնաքննադատության բացակայության մասին է, այլ դրա ձևական բնույթի: Մենք առաջվա պես փնտրում ենք հենման մասնավոր կետեր, «փրկիչներ»՝ ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն էլ վերջում հանգեցնելու է բարեկեցության և ապահովության: Ջղաձգական փնտրտուքների հետևից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջև և կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն»:

168.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե որքանով է ՀՀ նախագահի հոդվածը համահունչ ստեղծված իրավիճակին ու ժամանակին, ուշացած չէ՞ արդյոք։ Ի պատասխան՝ նա նշեց. «Բնականաբար, ուշացած է. ճիշտ կլիներ՝ նման հոդված որևէ մեկը տպագրեր դեռևս 1994 թվականին՝ պատերազմից հետո, և այդ հարցադրումները դներ, թե ընդհանրապես Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ կապված՝ մենք ինչպիսի խնդիրներ ենք դնում ստրատեգիական առումով: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ: Այսինքն՝ այդ առումով ուշացած է, բայց բոլոր դեպքերում, կարծում եմ՝ նման հարցադրումները կարևոր են»:

Անդրադառնալով հոդվածում հիշատակվող «չորրորդ հանրապետություն» ձևակերպմանը՝ քաղաքագետը նկատեց. «Որքանով հիշում եմ, դա պայմանական էր ասված. Խնդիրը հետևյալն էր, որ մենք տապալվել ենք, ես համաձայն եմ, ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ քաղաքական մտքի առումով, որովհետև Արցախի հարցը սառեցնելով՝ մենք, այնուամենայնիվ, չէինք տեսնում, թե ինչպիսի լուծումներ պետք է լինեն՝ նույն, օրինակ, Արցախը պետք է ճանաչվեր դեռևս 1994 թվականին, և այլ քաղաքական իրավիճակ կլիներ: Եվ նաև մնացած հարցերում նույնպես՝ մենք պետք է մի կողմ թողնենք՝ ով որ անձին ինչպես է վերաբերվում՝  լավ է վերաբերվում, վատ է վերաբերվում, բայց երբ որ հարցադրումներ են արվում, կարծում եմ, պետք է հարցադրումներն առաջին հերթին քննարկվեն, այլ ոչ թե անձերը»:

Հիշեցնենք՝ նախագահը մասնավորապես նկատել էր. «Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: 2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն: Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի»:

Ստեփան Դանիելյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև օրվա թեմային՝ սպասվող մոսկովյան եռակողմ հանդիպմանը, և պատասխանելով հարցին, թե որն է լինելու քննարկումների կարմիր թելը, նա ասաց.

«Ես չեմ կարող ասել՝ կարմիր թելը որն է լինելու, որովհետև տարբեր ինֆորմացիաներ, դեզինֆորմացիաներ կան, և մենք պետք է հաշվի առնենք այն, որ այսօր վարչապետ ներկայացող անձը ճակատագրական որոշումներ է կայացնում՝ առանց հանրության հետ քննարկելու և անգամ՝ առանց իր թիմի հետ քննարկելու՝ նկատի ունեմ խորհրդարանական ֆրակցիան: Այդ ամեն ինչը մերժելի է, և նա պետք  է պատժվի՝ ինգնագլուխ որոշումներ ընդունելու համար»:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ սպասվող հանդիպումը վերաբերելու է ոչ միայն Արցախի հարցին, այլև  Հարավային Կովկասի քաղաքական որոշումների  ընդունման ֆորմատին. «Օրինակ՝ շատ սկզբունքային հարց է՝ Մինսկի խումբն ընդհանրապես դո՞ւրս է մղվելու,  ու ամբողջ Հարավային Կովկասը ռուսական և թուրքական ազդեցության գոտի է դառնալո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, Մինսկի խումբը մնալու է, երկրորդ՝ ամենակարևոր ճակատագրական հարցը՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշակի քննարկումներ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու: Այս երկու հիմնական հարցերն են քաղաքական հնչեղություն ունեցող, իսկ ոչ քաղաքականը, բնականաբար,  բոլորին հուզող գերիների ճակատագիրն է»:

Դիտարկմանը, թե Փաշինյանի մամուլի խոսնակը հանդիպման օրակարգի շեշտադրումը դրել էր տնտեսական հարցերի վրա, նշել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին,  և հարցադրումին, թե որքանո՞վ է Հայաստանի համար անվտանգ որպես օրակարգ ներկայացվող Նախիջևանի երկաթուղու  շահագործումը, քաղաքագետն արձագանքեց. «Երկաթուղու հարցը բազմապլան հարց է. այն և՛ տնտեսական, և ՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական է, որովհետև կոմունիկացիաների հարցը շատ դեպքերում աշխարհաքաղաքական  դասավորվածությունների վրա մեծ ազդեցություն է ունենում:

Երկաթուղին մի կողմից՝ Իրան, Պարսից ծոց և գուցե նաև՝ մինչև Չինաստան, Հնդկաստան կոմունիկացիան է բացում, Հայաստանից Վրաստան, Ռուսաստան և դեպի նշածս վայրերը և շատ  ֆունդամենտալ ազդեցություն կարող է ունենալ, մյուս կողմից՝ այստեղ դրված է դեպի Նախիջևան-Ադրբեջան, եթե ավելի հստակ ասենք՝ Թուրքիա-Ադրբեջան երկաթուղիների, ավտոճանապարհների, գազամուղների հարցը, որը ևս լուրջ աշխարհաքաղաքական ազդեցություն կարող է ունենալ:

Այստեղ  շահերը տարբեր են, իրարամերժ են, և միանշանակ  գնահատական տալը դժվար է, բայց քանի որ հարցը լուծում են Թուրքիան և Ռուսաստանը, ըստ էության, առաջին հերթին իրենց շահերից կբխի այդ ճանապարհների բացումը, իսկ թե մենք ինչ շահեր և զարգացման ինչ հնարավորություններ  կունենանք, պետք է տեսնել կոնկրետ տեքստը և պայմանավորվածությունների բովանդակությունը, նաև՝ շատ կարևոր է դրա ժամանակացույցը՝ սկզբից որ ճանապարհն է բացվում, հետո՝ որը»:

Վերջին գրառումները

Ընտրացանկ