«Բացահայտում․ ինչ է ասել տարածքների մասին Սերժ Սարգսյանը 2016 թ․-ին». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԻՆՉ Է ԱՍԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ 2016 Թ․-ԻՆ

§1 2020 թ․ նոյեմբերի 28-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասել է․ «2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը»։

§2 Խոսքի առարկա հանդիպումը մշտապես եղել է իմ գիտական հետաքրքրությունների շրջանակներում։ Արցախում աշխատելուս տարիներին ես ականատեսների հուշեր եմ հավաքել այս հանդիպման մասին։ Առկա է նաև հենց Ա․ Թովմասյանի հետ իմ գիտական հարցազրույցը (27 հունիսի 2018 թ․, Ստեփանակերտ, «Մեդիատոն»)` ձայնագրված իր համաձայնությամբ, որտեղ «իսկ ինքը (Սերժ Սարգսյանը ) ի՞նչ էր ասում, ասո՞ւմ էր «պտի հանձնենք, ձև չկա»» հարցին պատասխանում է՝ «ՉԷ, ԻՆՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ԲԱՆ ՉԷՐ ԽՈՍՈՒՄ»։ Ա․ Թովմասյանը նաև հաստատում է, որ Սերժ Սարգսյանի բանակցային տրամաբանությունը նախատեսում էր Արցախում պարտադիր հանրաքվեի անցկացում։

§3 Դեռևս 2019 թ․ փետրվարի 6-ին Սերժ Սարգսյանի՝ այս հանդիպման ժամանակ «հողերի հանձնման» պարտադրանքի մասին ըստ էության հերքմամբ հանդես էր եկել նաև Արթուր Թովմասյանի նախկին կուսակցապետ և Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով․ ««Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»։

Հ․Գ․ Սուտը հակաՀայաստանի սեփականությունն է, սուտը պետք է տեղ չունենա Հայաստանում։

Հ․Գ․Գ․ Ձայնագրության ամբողջական տարբերակը չեմ հրապարակում էթիկական նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Ա․ Թովմասյանի՝ ՀՀ և ԱՀ տարբեր պետական այրերի հանդեպ հնչեցրած ոչ կոռեկտ ձևակերպումները։

Ընտրացանկ