ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստումը ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները դնել ամերիկյան արտաքին քաղաքականության անկյան գագաթին վաղ փորձության կենթարկվի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայում, որը վերջին տասնամյակում ավելի ավտորիտար է դարձել: Այս փորձությունն անցնելը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեպրեսիվ կառավարումը վտանգ է ներկայացնում ոչ միայն ամերիկյան շահերին, այլեւ ամերիկացի քաղաքացիներին, նշում է NBC News-ը:

Բայդենը կուրսը փոխելու եւ Թուրքիայում ժողովրդավարական արժեքներին աջակցություն ցույց տալու հնարավորություն ունի: Ուրբաթ Ստամբուլի դատարանը վերսկսում է ականավոր թուրք-ամերիկացի ակադեմիկոս Անրի Բարքիի եւ առաջատար թուրք բարերար ու քաղաքացիական հասարակության գործիչ Օսման Քավալայի գործով հնչեղ ցուցադրական դատավարությունը: Նրանց դատում են լրտեսության եւ 2016 թվականին Անկարայում պետական հեղաշրջման փորձին օժանդակելու մեղադրանքներով: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ բանտարկություն:

Մեղադրանքների լրջությունը հերքում է ապացույցների լիակատար բացակայությունը: Չհիմնավորված մեղադրամքով եւ ամբաստանյալներին պատշաճ իրավական ընթացակարգի մերժմամբ դատական հետապնդումը ֆարս է, որ կատարում է դատական իշխանությունը, որն ավելի ու ավելի շատ է գտնվում նախագահի վերահսկողության տակ: Սա նաեւ վերջինն է վերջին տարիներին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների եւ ծառայողների դեմ քաղաքականապես պատճառաբանված քրեական գործերի շարքում: Բայդենը պետք է հարցը բարձրացնի անմիջաբար Էրդողանի հետ եւ հայտնի, որ ամերիկացի քաղաքացիների դեմ այս անարդարացի դատական հետապնդման շարունակումը վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին:

ԱՄՆ պաշտոնատար անձինք կարող են նախընտրել այս գործին առաջնահերթ նշանակություն չտալ Անկարայի հետ օրակարգում: Նրանց կարող է մտահոգել, որ ամենաբարձր մակարդակով այս հարցի բարձրացումը Թուրքիայում միայն անտագոնիզմ կառաջացնի՝ թուլացնելով ԱՄՆ ազդեցությունը վաղեմի ռազմավարական գործընկերոջ վրա, որն ավելի շատ է ՆԱՏՕ-ից թեքվում հակառակորդների ուղեծիր, ինչպիսին են Ռուսաստանն ու Չինաստանը: Մյուսները կարող են առարկել, որ տարածաշրջանում Թուրքիայի կործանարար վարքագծին հակազդեցությունը, օրինակ՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Հունաստանի ու Կիպրոսի սպառնալիքին, պետք է առաջնահերթ դառնա:

Բայց սխալ կլիներ կարծել, որ ժողովրդավարական արժեքների պահպանումը եւ ամերիկացի քաղաքացիների պաշտպանությունը կխարխլեր ԱՄՆ ազդեցությունը, կամ՝ որ Էրդողանի ներքին բռնաճնշումները կապված չեն նրա արտասահմանյան ագրեսիայի հետ: Թուրքիան որպես անդրատլանտյան դաշինքի արդյունավետ անդամ կգործի միայն այն ժամանակ, երբ հարգի այն արժեքները, որոնք դաշինքն է պաշտպանում: Բայդենը պետք է Էրդողանին հասկացնի, որ օրենքի գերակայությունը հարգելը եւ պետության կողմից հովանավորվող հակաամերիկանիզմը դադարեցնելը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման համար քննարկման ոչ ենթակա նախապայմաններ են:

Վաշինգտոնը շատ հաճախ էր շրջվում այն ժամանակ, երբ Էրդողանը քավության նոխազ էր դարձնում Միացյալ Նահանգները: Երեկ Պետքարտուղարությունը կարեւոր քայլ կատարեց նման բանակռվին հակազդելու գործում եւ հրապարակավ դատապարտեց 2016-ի հեղաշրջման փորձին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Թուրքիայի պնդումները: Բայց սա բավարար չէ: ԱՄՆ-ն պետք է նաեւ հստակ հայտարարի այնպիսի դեպքերի մասին, ինչպիսին Բարքիի եւ Քավալայի գործն է, որն այդպիսի տեսություններն օգտագործում է որպես հիմք Թուրքիայի եւ Ամերիկայի քաղաքացիների դատական հետապնդման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed