Մենք չենք կարող ենթադրել, թե թշնամական պետությունն ինչպիսի գործողություններ կարող է անել եւ արդյո՞ք Սեւանա լիճը կթունավորեն, թե՞ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են, քանի որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են գտնվում։

«Ենթադրվում էր նման բան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ բոլորիցս գաղտնի ինչ-որ բանակցություններով սահմանն են գծում եւ մենք չգիտենք՝ այդ սահմանը որտեղով է անցնում։ Հիմա վաղն էլ կասեն՝ գիտեք ինչ կա Սեւանի արեւելյան ափն էլ է Ադրբեջանի կազմ մտնում։ Այսինքն՝ այս իշխանություններն այս պահվածքով ամեն օր մեզ անակնկալներ են անում»,- նշեց նա։

Վահագն Վարագյանի խոսքով՝ Սեւանա լճի անվտանգության հարցի վերահսկողությունը փոխանցվել է թշնամուն. «Այս դավաճան իշխանությունը կարող է ոչ թե միայն գետերի ակունքները հանձնել Ադրբեջանին, այլ նաեւ գետերը»։

Բնապահպանը նշեց, որ Քարվաճառը մեծ նշանակություն ուներ եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի հանրապետությունների համար, քանի որ այնտեղ են գտնվում այն հիմնական գետերի ակունքները, որոնք սնուցում են ինչպես Արցախի Հանրապետությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը. «Փաստացի, դավաճանները մեկ գիշերում, թղթով հանձնեցին այդ տարածքները, եւ մենք այլեւս չենք կարող որեւէ վերահսկողություն ունենալ մինչեւ Քարվաճառի ազատագրումը։ Մենք չգիտենք՝ ինչ որակական հատկանիշներով ջուր է հոսելու դեպի Սեւան։ Այստեղ միայն Սեւանի հարցը չէ, այլ նաեւ Հայաստանի ամբողջ հարավային հատվածը, որովհետեւ այդ գետերը հոսում են Սյունիք, Վայոց Ձոր։ Սեւանի վիճակը մինչեւ այս էլ այնպես չէր, որ բարվոք էր, հիմա ավելի է վատթարանալու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed