Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. բայց Նիկոլ կարո՞ղ է տենց բան անի. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարո՞ղ է գալ նոր կառավարություն եւ վերսկսել պատերազմը. Եթե մեկը տենց բան անի, ուրեմն խելագար է. ներկա պայմաններում պատերազմ սկսելը խելագարություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ առնվազն 2-3 տարի պետք է անցնի, որ բանակը գոնե մի քիչ ոտքի կանգնի:

«Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք:

Մենք պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե ոչ, դա ուրիշ հարց է, Հայաստանը պետք է պահանջը, որ առաջին կետը կատարվի, այսինքն Կուբաթլուի եւ Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն: Երկրորդ, գերիների վերադարձը պետք է կատարվի: Մեզ հետաքրքրում են այս կետերը, իսկ Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջեւան ու Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է ասեր՝ մինչեւ գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ  են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞ տենց բան անի, չի կարող»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ պետք է շատ արագ, 2-3 տարում վերականգնել մեր բանակը. «Միակ երկիրը, որից մենք կարող ենք զենքը կամ զրի վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը լկտիանալու է, այս տարածաշրրջանում մեծ փոփոխություններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ