Էս ձմեռվա կեսին ինչո՞ւ ընտանիքներին դուրս հանեցին, քանդեցին տներն ու թողեցին դրսում. շուռնուխցի

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տունն Ադրբեջանին հանձնելուց հետո այդ տների բնակիչները ժամանակավոր կացարաններ են գտել, ինչ կլինի հետագայում, դեռ անորոշ է։

NEWS.am-ը զրուցել է բնակիչներից Անահիտ Ալեքյանի հետ, որի երկհարկանի տունն առաջիններից էր, որն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո։

Այս պահին տիկին Անահիտը Կապանում վարձով է ապորում դստեր հետ։

Նշենք, որ Անահիտ Ալեքյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Նա պնդում է, որ Շուռնուխը հայկական գյուղ է եղել.

«Ես մասնակցել եմ 90-ականների պատերազմին, այս իրադրությունը գնահատում եմ շատ վատ։ Եթե 1989 թվականի մայիսին Շուռնուխ գյուղում այն ադրբեջանցիները, որոնք ապրել են, բոլորին ապահովել են գումարով, բնակարանով եւ նոր դուրս հանել գյուղից, ինչո՞ւ պետք է նրանք կրկին վերադառնան։ Անցել է 30 տարի, ինչո՞ւ հիմա պիտի նորից գան։ Արյան գնով գրաված հողերն ինչպե՞ս կարելի է այսպես հետ տալ։ Մենք այդքան զոհեր ենք ունեցել գյուղում, իմ մարտական ընկերներն են զոհվել»։

Տիկին Անահիտի խոսքով՝ ինքը չի էլ հասցրել տան ամբողջ իրերը տեղափոխել Կապան, տեղափոխող մեքենաների վարորդներին էլ պարտք է մնացել. «Երբ տեղեկացրին, որ հունվարի 5-ին պետք է դուրս գանք, տանս եղածն ինչ հնարավոր է եղել՝ հասցրել եմ տեղափոխել դստերս տուն, հիմա այդ մեքենաներին պարտք եմ ու չգիտեմ՝ ինչպես վճարել։ Շատ իրեր այդպես էլ մնացին այնտեղ»։

Անահիտ Ալեքյանը պատմեց, որ իր ապրուստի միջոցը տան հողամասն էր. «Գրադի օրերից սկսած տնկել էի տարբեր տեսակի ծառեր, բույսեր, հատապտուղներ, հիմա ամբողջը մնաց նրանց։ Ես առանց հողամասի, սեփական տան չեմ կարող ապրել։ Ես չեմ ուզում Շուռնուխից դուրս գալ։ Էս ձմեռվա կեսին ինչո՞ւ ընտանիքներին դուրս հանեցին, քանդեցին տները ու թողեցին դրսում։ Ոչ մեկը չգիտի, որ քնի, առավոտյան վեր կկենա, թե ոչ»։

NEWS.am-ը զրուցել է նաեւ շուռնուխցի այլ բնակչի՝ տիկին Նարինեի հետ, որի տունը գոմի հետ միասին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Նա ասաց, որ հիմա ժամանակավոր ապրում է Գորիսում։

«Արդեն տրամադրություն չի մնացել. անտուն ենք մնացել։ Շատ մեծ, թանկարժեք գոմ էինք սարքել, 5 միլիոնի վարկ էինք վերցրել, ոչխար էինք առել, հասցրել ենք անասուններին հանել գոմից։ Մեկ կովն առել էինք 400 հազար, վաճառեցինք 140 հազար դրամով։ Մենք չգիտենք՝ ոնց պիտի փակենք այդ վարկը։ Լրիվ քարուքանդ եղավ ու մնաց այնտեղ»,- պատմեց տիկին Նարինեն։

Վերջին գրառումները

Ընտրացանկ