ԵՍ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՉԷ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՄ`ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետեւ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք. Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը:

Օհանյանը նշեց, որ իշխանությունները ժողովրդին պետք է դա բացատրեն. «Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Ես դրա մասին ֆեյսբուքյան գրառում եմ արել, նաեւ մի քանի հարցեր ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը եւ նաեւ ռուս-թուրքական տանդեմը իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են մեզ պետք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաեւ ընդլայնել եւ մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել: Այդպես շարունակական է լինելու: Ասեմ, որ հունվարի 11-ին ստորագրած փաստաթուղթը դրա վառ վկայությունն է»։

Վերջին գրառումները

Ընտրացանկ