Գիտնականները հայտնաբերել են էկզեմայի ու փսորիազի զարգացման պատճառները

Սենգերի ինստիտուտի, Նյուքասլի համալսարանի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները ստեղծել են մաշկի մանրամասն քարտեզ, որը ցույց է տալիս, որ զարգացման ընթացքում տեղի ունեցող բջջային գործընթացները կրկին գործարկվում են մաշկի բորբոքային հիվանդություններ ունեցող պացիենտների բջիջներում:

Ինչպես հայտնում է Eurekalert.org-ը, վերոհիշյալ գիտնականները հայտնաբերել են, որ էկզեմա եւ փսորիազ ունեցող պացիենտների մաշկն ունի նույն մոլեկուլային ուղիները, ինչ որ մաշկի զարգացող բջիջները: Բացահայտումը կարող է օգնել գտնել նոր պոտենցիալ թիրախներ՝ այս ցավոտ հիվանդությունների բուժման համար:

Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը նաեւ տրամադրում է բորբոքային հիվանդությունների նոր պատկերացում՝ նոր հնարավորություններ բացելով ռեւմատոիդ արթրիտի եւ աղիների բորբոքային հիվանդությունների հետազոտման համար:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, թե ինչպես է զարգանում առողջ մաշկի հյուսվածքը եւ բացահայտել է չափահաս մաշկի մեջ առկա բջիջները: Այս տեղեկատվությունը մեծ նշանակություն ունի վերականգնողական բժշկության համար, հատկապես այրվածքներից տուժածների դեպքում:

«Տասնյակ տարիներ են ծախսվել լաբորատորիայում աճեցված մաշկի բջիջների ուսումնասիրության վրա: Սակայն, միշտ չէ, որ պարզ է, թե ինչպես են բջիջների հատկությունները փոխվում լաբորատոր պայմաններում: Այս Ատլասը բացահայտում է բջիջների մանրամասն բաղադրությունը զարգացող եւ մեծահասակ մարդու մաշկից առանձնանալուց անմիջապես հետո: Այն կարող է օրինակ ծառայել հետազոտողների համար, որոնք փորձում են վերականգնել առողջ մաշկը ռեգեներատիվ բժշկության մեջ»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Ֆիոնա Ուոթը:

Վերջին գրառումները

Ընտրացանկ