Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան

Նիկոլ Ալիեւը կանգնում է ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ընդդիմության բոլոր գործողությունները վնասում են գերիների վերադարձին, նա պարզապես ստում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Եթե այսքան ստից հետո ուսապարկերը մտածում են, որ հանրությունն իրենց պաշտպանելու է, ուրեմն նրանք վիրավորում են հանությանը, որովհետեւ որեւէ մարդ, որին 44 օր ստորաբար ստել են, չի կարող հավատալ կամ վստահել այս իշխանությանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Հայրենիքի փրկության շարժումը» պասիվություն է ցուցաբերում, Արսեն Բաբայանն ասաց. «Շարժումը քննարկում է եւ բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացնում է: Օրինակ կիրակի կար ավտոերթ, հրապարակում տեղակայված է վրան: Բոլոր գործողությունները քննարկվում են՝ հաշվի առնելով բազմաթիվ պայմաններ՝ սկսած եղանակային պայմաններից, կորոնավիրուսից, ի վերջո, հանրության ներկա վիճակից: Հանրությունն ուշքի գալու խնդիր ունի, կամաց-կամաց դա տեղի է ունենում:

Հիմա ֆեյսբուքյան իրականությամբ, ֆեյքերով փորձում են տպավորություն ստեղծել, թե հանրությունն իրենց աջակցում է: Հանրությունը չի կարող նրանց աջակցել: Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է Հայաստանում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանություններն առաջարկում են արտահերթ ընտրությունների գնալ, նա ասաց. «Այս իշխանությունը ունի կորցնելու շատ մեծ բան, առնվազն իշխանություն, եւ երկրորդը, դատապարտում, ազատազրկում: Ակնհայտ է, որ եթե այս իշխանությունը կազմակերպի ընտրություններ, դիմելու է ծայրահեղ բոլոր հանցավոր քայլերին, որ պաշտպանի իր իշխանությունը: Միանշանակ այդպես է լինելու:

Իշխանափոխության լավագույն տարբերակը կլիներ, եթե Նիկոլը չլիներ Ալիեւ, այլ գոնե Փաշինյան, եւ հրաժարական տար, բայց տեսանք, որ դա չի լինում: Կան այլ բազմաթիվ տարբերակներ: Դատախազությունը քրեական գործի շրջանակներում պետք է քրեական հետապնդում սկսի եւ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին:Կարող է դա էլ չլինել: Առնվազն պատգամավորները ի վերջո խելքի կգան, կհասկանան, որ ժամանակ է ուսապարկից վերածվելու մարդու եւ հայրենիքի մասին գոնե մի քիչ մտածելու: Չեմ բացառում, որ մի օր նրանք կկատարեն քայլեր:

Արդյոք մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ոստիկանության հետ բախումների, կոպիտ գործողությունների արդյունքում չթողնենք, որ այս մարդիկ մտնեն ԱԺ: Այս պահին չունենք նման խնդիր, բայց որ պահին չուզենանք, որ մտնեն, գնանք այդ քայլին, ապա չեն մտնելու: Մենք կրկին հնարավորություն ենք տալիս այս մարդկանց հասկանալու, որ քանի դեռ պայքարում ենք, ժամանակն է, որ իրենք քայլեր անեն: Հակառակը լինելու է քաղաքացու վրեժը, որի մասին ինձ բազմիցս ասել են»:

Արսեն Բաբայանը նկատեց, որ եթե հավատանք իշխանության պնդմանը, թե ընդդիմությունը չի ստացել հանրային աջակցություն, դա նշանակում է, որ չկա որեւէ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, մինչդեռ իշխանությունն ինքն է խոսում արտահերթ ընտրությունների մասին:

«Արտահերթ ընտրություններ, իհարկե, պետք է լինեն, բայց դրանք չպետք է իրականացնի այս իշխանությունը: Եթե իսկապես ուզում են, որ որոշումը որոշի, ապա մեկ հանգամանք, որ խանգարելու է, որ ժողովուրդը որոշի, հենց իրենց գոյությունն է: Դրչա համար է, որ առաջարկել ենք անցումային կառավարությոն, որը կանցկացնի այդ ընտրությունները»,-ընդգծեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։

Վերջին գրառումները

Ընտրացանկ