Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անցած շաբաթ հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ, սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ նաև Հայաստանի, ասաց, որ ինքը սպասել է հերքմանը, սակայն հերքումն իրեն չի համոզել:

«Ստացվում է, որ կա պնդում, պնդման հիմքում դրված է փաստաթուղթ, ձեռագիր փաստաթուղթ է, միայն ստորագրություն չէ, և հակառակ կողմն ընդամենն ասում է՝ նման բան չկա: Մեկ էլ ԱԱԾ-ն  շաբաթ գիշերը հերքում է տարածում, որ այդպիսի բան չկա, եթե, օրինակ, լիներ, ի՞նչ, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածելու, ասելու էր՝ հա, դե գիտեք, մեր գործակալն է, այդպիսի բան ո՞վ է  տեսել, ծիծաղելի է»,- ասաց Մելիքյանը:

Տարածված հերքումները հակառակ ազդեցությունն են ունեցել իրավապաշտպանի վրա: Մելիքյանի խոսքով՝ ավելի համոզիչ կերպով կարելի էր դա անել:

«Այն հերքումը, որ տրվեց, բավարար չէր, եթե արդար էր այդ անձնավորությունը, թող նույն ժամանակաշրջանի մի ձեռագիր դներ, օրինակ՝ ինքնակենսագրություն, որ ինչ-որ աշխատանքի ներկայանալու համար է ներկայացրել, և ասեր՝ սա իմ ձեռագիրն է, սա էլ այս ձեռագիրն է, տեսեք, որ ես չեմ: Եթե նա դա չի անում, ինձ համար դա նշանակում է՝ ուղիղ հաստատում: Ուղիղ հաստատումից հետո հարց է առաջանում, բա ինչի՞ է ԱԱԾ-ի հետ էս մարդը համագործակցել: Մասնագետներն ասում են, որ այդ տեքստից մի հետևություն կարելի է անել, որ դա չի եղել կամավոր, այսինքն՝ եղել է փաստերի ճնշման ներքո, հիմա, եթե չի եղել Թուրքիայի գործակալ, բա ուրիշ ի՞նչ պատճառով, բացե՛ք, ամեն ինչ բացե՛ք, դո՞ւք չէիք լյուստրացիա ուզում, սկսեք: Լավ, անցել ես համագործակցության, գործ ես տվել քո ընկերների դեմ, օրինակ՝ ինձ  հետ սուրճ ես խմել, գնացել գրել ես, որ՝ էս ասեց, էն ասեց: Հարգելի օմեգա, ինչի՞ հիման վրա ես դու սկսել համագործակցությունը ՀՀ ԱԱԾ-ի հետ, ի՞նչ են քեզ դեմ տվել, եթե Թուրքիայի գործակալը չես»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտանի պնդմամբ՝  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի պնդումները համոզիչ են, քանի որ հաընկնում են մի շարք փաստեր:

«Միքայել Մինասյանի ներկայացրած վարկածը շատ ճշմարտանման էր: Ես անձամբ գիտեմ, որ այդ մարդն աշխատում էր Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, առանձնապես բավարարված չէր իր աշխատանքով: Ես անձամբ գիտեմ, և շատ տրամաբանական է, որ թուրքական հատուկ ծառայությունները հատուկ հետաքրքրվածություն ունեն հենց այդ կառույցի նկատմամբ, հաստատ շատ ավելի մեծ հետաքրքրվածություն ունեն, քան, ասենք, դատարաններում աշխատողների»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ առաջադրելու հանգամանքին, ինչը բուռն քննարկումների հիմք է դարձել: Իրավական հանրության մի մասը պնդում է, որ Ջհանգիրյանը չի կարող ԲԴԽ անդամ լինել՝ տարիքի հանգամանքը հաշվի առնելով, մյուս մասն էլ պնդում է, որ ԲԴԽ անդամի պարագայում դա խոչընդոտ չէ: Մելիքյանը նշեց, որ նրա նկատմամբ հարգալից վերաբերմունք է եղել իրավաբանական հանրությունում:

«Բայց հիմա, թե ինչո՞վ է այդ մարդը զբաղվում, ինձ համար շատ ցավալի է, անձնապես: Փաստարկ է բերվում, ասում են՝ Գագիկ Հարությունյանը բա ո՞նց է եղել, որ 65 տարեկանից բարձր նշանակվել է, մարդ, որը երկար տարիներ եղել է դատախազ: Պայմանական ենթադրենք, որ որևէ մեկը հանցագործություն է արել, ես նկատի չունեմ, որ դա հանցագործություն է, եթե մեկը մի արարք կատարեց, հետո մյուսին դու բռնում ես, ասում է՝ բա էն մեկն արեց, նրան ինչո՞ւ չբռնեցիր, բա եղա՞վ… Միակ փաստարկը մնացել է՝ բա ո՞նց եղավ Գագիկ Հարությունյանը, ես սա փաստարկ չեմ համարում»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանն ասաց, որ Հարությունյանի հարցը կարող էր բարձրացնել այն ժամանակվա ընդդիմությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed