Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Մարգարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 14-ին: 2.5 ամիս էր ծառայում, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 3-րդ պատերազմը:

Գևորգի քույրը՝ Սուսաննա Մարգարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ ընդհանրապես Գևորգի կյանքում 27 թիվը միշտ ճակատագրական է եղել: Նա ծնվել է 2002 թվականի փետրվարի 27-ին: Իր 18-ամյակի օրը՝ 2020 թվականին, Գևորգն ամուսնացել է սիրած աղջկա հետ:

«Երջանիկ էր Գևորգը: Այնքան շատ էր ուրախացել»:

Գնաց բանակ Գևորգը: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց, նա Հադրութում է եղել: Հոկտեմբերի 26-ի գիշերը՝ լույս 27-ի առավոտյան՝ մահացել է նա, իսկ դեկտեմբերի 27-ին էլ ծնվել է նրա որդին՝ Տիգրանը:

Պատերազմի օրերին նրա կինը՝ Թագուհին, հարցրել էր Գևորգին, թե երեխայի անունը ինչ դնեն, ասել էր՝ Արսեն, քանի որ այդ օրերին զինակից ընկերն էր զոհվել՝ Արսեն անունով: Հրամանատարը նրան նույնիսկ խոստացել էր թույլ տալ գնալ տուն երեխայի ծնվելու ժամանակ, բայց նա այդպես էլ երեխային չտեսավ: Ու քանի որ արդեն զոհվածների անունները շատ էին, ու զոհվել էր ինքը՝ երեխայի հայրը, ուստի երբ երեխան ծնվեց՝ ընտանիքում որոշեցին նրա անունը Տիգրան դնել, որ Տիգրան Մեծի նման ուժեղ լինի:

«Շատ է նման իր հայրիկին, շատ»,-ասում է քույրն ու նկատում՝ Տիգրանի Գևորգի մի մասնիկն է:

Գևորգը պատերազմի օրերին միշտ զանգել է: Հարցնում էր ինչպես են հարազատները, իրենից էր պատմում, բայց երբեք ընկճված չէր խոսում: Քույրը հիշում է, որ միշտ լավատեսորեն է մոտեցել ու վստահ է եղել, որ ամեն ինչ լավ է լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed