Իտալիայի վարչապետը կարող է հրաժարական տալ, բայց պահպանել պաշտոնը` ճգնաժամից խուսափելու համար

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է պաշտոնաթող լինել առաջիկա օրերին` զարգացող կառավարական ճգնաժամի եւ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Կենդանի Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների կողմից կուսակցության իշխող մեծամասնությանը սատարելուց հրաժարվելու սպառնալիքի ֆոնին: Ինչպես երկուշաբթի գրում է Il Messaggero թերթը, հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան առիթը կօգտագործի` հրաժարականը  «սառեցնելու» համար` Կոնտեին պահելով կառավարության ղեկավարի պաշտոնում, որի կազմը այդ դեպքում կարող է փոփոխվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կառավարական ճգնաժամը սկսել էր հասունանալ դեռ անցյալ տարվա վերջին, երբ Ռենցին անհամաձայնություն հայտնեց Կոնտեի քաղաքականության մի շարք կետերի հետ: Մասնավորապես, նախկին վարչապետը համաձայն չէր համավարակից հետո ԵՄ վերականգնման համար հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ կառավարության ներկայացրած ծրագրի հետ, որի շրջանակներում Իտալիային` որպես առավել տուժած երկրներից մեկին, 209 միլիարդ եվրո է հատկացվում:

Նախկինում Ռենցին Դեմոկրատական ​​կուսակցության (ԴԿ) առաջնորդն էր, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն լքեց դրա ղեկավարությունը, այլեւ լքեց կազմակերպությունը` սեփական կուսակցությունը հիմնելով իր ամենամոտ գործընկերների հետ: Սակայն Ռենցին ԴԿ-ից դուրս գալու մասին հայտարարեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ 2019-ի սեպտեմբերին նպաստեց նոր իշխող մեծամասնության ստեղծմանը ԴԿ-ի եւ «Հինգ աստղի» շարժման կազմում` «հինգաստղանիների» եւ «Լիգայի» նախորդ կոալիցիայի փլուզումից հետո:

Այդ ժամանակ դա թույլ տվեց խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Ռենցին, ունենալով իր ներկայացուցիչները կառավարությունում եւ վերին պալատում (Սենատ) մեծամասնությունը պահպանելու համար անհրաժեշտ մի քանի ձայն, կառավարության վրա ազդեցության լծակներ ստացավ: Նա հայտարարեց, որ իր կուսակցությանը լրացուցիչ նախարարական լրացուցիչ պաշտոնները չեն հետաքրքրում: Սակայն, ինչպես գրում է Messagero-ն, նախկին վարչապետի ամենամտերիմ կողմնակիցներից մեկը` Մարիա Ելենա Բոսկին, կարող է մտնել կառավարություն վերակազմավորումից հետո:

Ընտրացանկ