ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը ռազմական գաղտնիք է եւ այս պահին ես ոչինչ չեմ կարող դրա մասին բարձրաձայնել: Այս մասին Tert.am-ի   հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Ճշտող հարցին կոնկրետ ի՞նչն է ռազմական գաղտնիք, նա արձագանքեց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է հզորանանք, դառնանք հզոր երկիր եւ հետագայում ինչի մասին կմտածի այդ պահի կառավարությունը, այդ պահի ժողովուրդը, եւ ինչ կորոշի, դա էլ կանենք, թե հետագայում ինչ է լինելու՝ այս պահին կանխագուշակումներ չանենք»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք եւ մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական եւ վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»:

Դիտարկմանը՝ հետադիմակա՞ն է համարում այն մոտեցումը, որ պետք է հզորանանք, մեր տարածքները հետ բերենք, հաղթենք, պատգամավոր Նարեկ Գրիգորյանը կրկին նշեց. «Մենք այս պահին չենք ուզում ժողովրդին ասենք՝ վաղը գնում ենք պատերազմի, որովհետեւ այս պահին դեռ պատերազմական շրջան է, այս պահին դեռ ճշգրտվում են սահմաններ»:

Ինչ վերաբերում է հարցին, որ այս պահին էլ Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս իրենց ձգտումները, նաեւ զորավարժությունների տեսքով, նա կրկին հայտարարեց. «Դե դա եմ էլի ասում, դա ռազմական գաղտնիք է, դրա մասին կխոսի ՊՆ-ն: Ես անձամբ իմ մասով կասեմ, որ դրա մասին խոսելու իրավունք չունեմ: Ունենք ՊՆ, որն իր գործառույթով այս պահին հստակ կատարում է իր գործունեությունը, հիմա ՊՆ-ին ասել՝ սա պետք է անենք, այն պետք է անենք, սխալ է»:

Ճշտող հարցին՝ որպես հասարակություն չպե՞տք է ձգտենք մեր կորցրածը հետ բերելու, պատգամավորն ընդգծեց. «Հասարակությունը չի ձգտում կորցրածը հետ բերելուն, կորցրածը հետ բերել կամ չգիտեմ նման արտահայտություն անել, դա թող որոշի ՊՆ-ն: ՊՆ-ն կորոշի գնանք պատերազմի, կգնանք, դա մեր որոշելունը չէ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed