Մենք ազգովի հայտնվել ենք անհուսալի ստրուկի կարգավիճակում

Պարոն Խզմալյան, Պեսկովը պատասխանել է ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անխտիր կատարման կողմնակիցն է։ՀԱՊԿ-ը վերստին հրաժարվո՞ւմ է իր պարտավորություններից:

Ինձ զարմացնում է, որ մեր հայրենակիցները զայրանում են, և ինձ զայրացնում է, որ մեր հայրենակիցները զարմանում են: Նրանք 100 տարի է՝ նույնն են անում, և շատ վաղուց դա պետք է բոլորին հասկանալի լիներ՝ սկսած 1921 թ. առ 2020-21 թթ.: Ոչ թե բոլորս, այլ մեր հասարակության ստվար զանգվածը, որ, հուսով եմ, մեծամասնություն չէ, գտնվում ենք ռուս-թուրքական քաղաքական մի նախագծի ճանապարհին, և որ ամեն ինչ անելու են, որպեսզի մեզ այդ ճանապարհից հեռացնեն: Դա հասկանալի էր Նժդեհին և տարօրինակ է, որ հարյուր տարի անց դա չեն հասկանում նրանք, որոնք այսօր ղեկավարում են երկիրը:

Մեզ փորձում են որպես ազգ բզկտել և ամեն օր մշակված ծրագրով հարվածներ են հասցնում մեր ազգային արժանապատվությանը, ենթագիտակցությանը, որպեսզի ժողովուրդը կորցնի ունակությունը սթափ դատելու և չհասկանա, թե ինչ է կատարվում․ մեկ Շուշիի տաճարի գմբեթն են հանում, հետո Նժդեհի արձանը փորձում հեռացնել, հետո Սև լիճ, հետո Նախիջանից սադրանքի կդիմեն:

Պետք է ստեղծել քաղաքական օրակարգ, այդ օրակարգը մեկն է՝ մենք պետք է պատրաստվենք դուրս գալ ՀԱՊԿ-ից և միանալ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքին, որին միացել են հարևան վրացիները, որին շրջվում է մեր հարևանը Իրանը:

Պետք է  դիմել ՄԱԿ, մենք այսօր դա փոխանցեցինք միակ լեգիտիմ պաշտոնյա մնացած Արմեն Սարգսյանին, որ դիմի ՄԱԿ-ին: Մենք դիմեցինք Ֆրանսիային, և նա ժամեր անց անուղղակի արձագանքեց, որ սպասում է Հայաստանը դիմի: Միացյալ Նահանգների Պետդեպն էլ նույն կերպ արձագանեց:

Եվ հիմա մենք դիմել ենք խնդրանքով՝ անհապաղ բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում ՀՀ տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը, ինչպես նաև Արցախյան կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու պահանջը:

Չպետք է գնալ ռուսական գործակալների սադրանքներին, որոնք կոչ են անում քարերով և փայտերով գնալ սահման: Ռուսները հիմա ուժ չունեն շահել այն, ինչ ուզում են, բայց բավականին ուժեղ են, որ շարունակեն թուլացնել Հայաստանի քաղհասարակությունը, իրենք արդեն քանդել են Հայաստանի ԱԱԾ-ն, խորհրդարանը, մնում են շատ քիչ կազմակերպություններ, քաղաքական խմբեր, որոնք սառնասրտորեն վերլուծում են և հասկանում են՝ ինչ պետք է անել հիմա:

Իսկ ինչո՞ւ չեն դիմում իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհուրդ:

Որովհետև Հայաստանի իշխանություններչը իրականում ռուսական գործակալներ են:

Մենք երբեք չենք ունեցել այսպիսի բարենպաստ պայմաններ, դրա համար հարձակումներ են անում, որ ժողովուրդը դա չտեսնի, մեր կողմից են ԱՄՆ, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը: Ունենալ նման հզոր դաշնակցիներ և մնալ թշնամու պատանդ՝ դա անհուսալի ստրուկը կարող է միայն անել:

Ապագաղութացում և Հայաստանի անվտանգություն, սա է Եվրոպական կուսակցության մեր կարգախոսը:

Աղբյուր՝

Վերջին գրառումները

Ընտրացանկ