ՆԱ ՏՎԵՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԻՐ ԿԵՂՏՈՏ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ, ՈՐԻ ԴԵՄ ՄԵՆՔ ԵՆՔ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Երեկ լրացավ իմ եղբոր անհետ կորած զինվորի 20-ամյակը, որից լուր չունենք: Մեր ականջները խցկեցին անլվա ոչխարի բրդով, թե էս մարդը գնում է այնտեղ լուծելու գերիների եւ անհայտ կորածների հարցը, բայց հետո ինքը զարմանալի ցինիզմով ուղղակի հայտարարեց, որ մեզ չհաջողվեց լուծել այդ հարցը: Այս մասին քիչ առաջ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը իր ելույթում նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

«Նա տվեց իր հայրենիքի մի զգալի մասը իր կեղտոտ ստորագրությամբ, որի դեմ մենք դեռ երկար պայքարելու ենք: Մեր խնդիրը լինելու է մեր շարքերում գոյություն ունեցող այն մտավորականի դեմ պայքարը, որը զարմանալի չարախնդությամբ, հոգուն մի թիզ յուղ նստած բավականությամբ հայտարարում է՝ կերա՞ք, Նիկոլի հաջողությունները կատաղեցնում են ձեզ: Նիկոլի հաջողությունը ո՞րն է, երկիրը սահմանագծել թուրքի ցանկությա՞մբ, ամբողջ հարավը նվիրել թուրքի՞ն, բանակ պահելու կարողությունից զրկվե՞լ: Երկրաշարժը մեզ այսքան չկոտրեց, ինչքան կոտրեց այս պարտությունը: Մեր խնդիրը այս մտավորականին դաս տալն է եւ այն մտավորականին, որն ասում է՝ համախմբվեք վարչապետի կողքին: Նրանք, որոնք չունեն հիշողություն, համախմբվում են վարչապետի կողքին»,- ասաց նա։

«Մենք անհիմն ոգեւորեցինք մեր 18-20 տարեկաններին՝ «հաղթելու ենքի» բարբաջանքով եւ ուղարկեցինք պարտության, ու այսօր մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է պարտվածի հոգեբանության մեջ։Բանակցություններով հայրենիք չեն վերադարձնում, մենք դատապարտված ենք ամենամոտ ապագայում նորից արյուն տալու, որքան էլ դա դաժան հնչի: Ես տալու եմ այդ արյունը: Մենք պետք է գնանք կտրուկ քայլերի: Մենք պետք է կարողանանք վերականգնել Սփյուռքի հետ մեր հարաբերությունները: Մեզ մնում է միայն միասնականությունը, իսկ այստեղ մի խնդիր ունենք՝ ո՞ւմ հետ»,- հավելեց գրականագետը։

Հիշեցնենք, որ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության անդամները մտավորականներ են, որոնք միացել են 17 կուսակցությունների պահանջին և կենսական անհրաժեշտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Երկրում ստեղծված իրավիճակն ու անվտանգությանը սպառնացող ռիսկերը ժողովրդին ներկայացնելու համար նախաձեռնությունն իր շուրջ է համախմբել Հայաստանի ապագայով մտահոգ մտավորականների, գիտության,կրթության ոլորտների ներկայացուցիչների:

Վերջին գրառումները

Ընտրացանկ