Աբովյան թիվ 1 ավագ դպրոցում արդեն երրորդ շաբաթն է, ինչ դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Դպրոցի պատմության ուսուցիչ  Հայկ Փայտյանը  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տնօրենը երեք աշխատակցի գրավոր նկատողություն  է տվել և դասադուլերի անկացկացման հետ կապված վարույթ է հարուցվել։

«Նորանշանակ տնօրենը փոխտնօրենին, ինձ և տնտեսվարին նկատողություններ է գրել։ Փոխտնօրենի նկատողության մեջ գրված է, որ իր գործառույթները չի իրականացրել  և այլն։ Այն փոխտնօրենի փաստաբանների մոտ է և միանաշանակ վիճարկվելու է դատարանում։ Իմ և տնտեսվարի հետ կապված դեռ տեղյակ չեմ, նկատողությունը ստանալու ենք փոստով, և դա նույնպես վիճարկվելու է դատարանում։ Գիտե՞ք՝ զավեշտը որն է. առողջապահական և աշխատանքի տեսչությունում վարույթ են հարուցել, ու այդ ամենի վերաբերյալ մեզ չեն էլ բարեհաճել տեղեկացնել, հետո եկել, ստուգել են մեր թղթերը,»–ասաց Փայտյանը։

Նրա խոսքով՝ կրթության տեսչական մարմնի՝ դպրոց այցից հետո դպրոցում իրավիճակը չի փոխվել։ «Նախարարությունից որևէ արձագանք չստանալուց հետո դպրոցի կոլեկտիվը դիմում  էր ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Հետո ես զանգեցի, իմացա, որ վերահասցեավորել են ԿԳՄՍ նախարարություն և մեկ ամսվա ընթացքում կպատասխանեն։ Այսինքն դեռ մեկ ամիս պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ են որոշում»,– ասաց Փայտյանը։

Ուսուցիչը ընդգծեց, որ դպրոցում արդեն քանի հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում։ Նրա խոսքով՝ դպրոցում ջերմաչափում չի կատարվում, քանի որ դպրոցում բուժաշխատող չկա. հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության արձակուրդում է, իսկ նորանշանակ տնօրենն այդ հարցով չի զբաղվում։

Փայտյանը նշեց, որ որոշել են վաղը դպրոցում ծնողական ժողով հրավիրել։

«Վաղը ծնողները գալու են դպրոց, քննարկելու ենք, որովհետև հնարավոր է՝ երեխաներին մասսայական հանեն այս դպրոցից, քանի որ նախարարությունը թքած ունի այս ամենի վրա։ Ծնողները հնարավոր է՝ աշակերտների գործերը վերցնեն ու տանեն ուրիշ դպրոց։ Ծնողները անհանգիստ են այս ամենի համար, երեխաների կրթությունը ընդհատված է»–ասաց նա։

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում դպրոցում փետրվարի 3–ից՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է Քարմելա Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed