ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԼԱՆԸ

Նիկոլ Փաշինյանն այսօր թերեւս իշխանության մեջ ամենաշատն է ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ։ Նա հասկանում է, որ գնալով ավելի են սրվելու հետպատերազմյան իրավիճակի հետեւանքով առաջացած խնդիրները՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական եւ այլն, ու իշխանության խարխլված վարկանիշը մոտենալու է զրոյին, ուստի իր հավատարիմներին լծել է արտահերթ ընտրություններն ամեն գնով եւ հնարավորինս շուտ անցկացնելուն ուղղված աշխատանքները գլուխ բերելու գործին։ 

Մեր նախորդ հրապարակումներից մեկում իշխանության ներսում առկա տրամադրություններին անդրադառնալով՝ ներկայացրել էինք, որ թիմի առանցքային դերակատարները միակարծիք չեն։ Թիմային հավաքների ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը բացահայտ ընդվզում են՝ Նիկոլ Փաշինյանին հասկացնելով, որ ինքը պետք է հեռանա՝ թիմին ռեսթարթի հնարավորություն տալով։ Նրանք հասկանում են, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում անցկացվելիք արտահերթ ընտրությունների արդյունքում այլեւս չեն կարողանա այսօրվա ստատուս քվոն պահպանել՝ ունենալ բացարձակ մեծամասնություն։ Ուստի արտահերթ ընտրություններն անցանկալի են նրանց համար, եւ ակնարկել են, որ պատգամավորներից ոչ բոլորը կողմ կքվեարկեն խորհրդարանը լուծարելու նախագծին, որով գնալու են արտահերթ ընտրությունների՝ առանց Փաշինյանի հրաժարականի։ Պատգամավորները հասկանում են, որ առջեւում իրենց անհայտություն եւ անորոշ ապագա են սպասվում։ Իսկ Ավինյանն ու Միրզոյանն իրենց ազդեցության տակ գտնվող պատգամավորներին կարող են կառավարել։

Նիկոլ Փաշինյանն էլ իրավիճակից փորձում է միայնակ կամ երդվյալ զինակիցների հետ ելքեր գտնել։ Նա յուրային իրավաբաններին է հանձնարարել ձեւակերպել, թե ինչպես հնարավոր կլինի շրջանցել սահմանադրական այն դրույթը, համաձայն որի՝ Սահմանադրության մեջ  պատգամավորները փոփոխություն կարող են անել միայն 3/5-ով, այսինքն՝ 88 պատգամավորի քվեարկությամբ։ 
Իսկ կուսակիցներին հանձնարարել է մարզային այցելություններ իրականացնել եւ 2 շաբաթ անց իրեն զեկուցել օբյեկտիվ իրականությունը՝ մարդկանց տրամադրվածությունը, վերաբերմունքն իշխանության հանդեպ, որ հասկանա՝ այս ռեսուրսով իմաստ ունի՞ գնալ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ։ Եթե նրա բանագնացները մարզերից վերադառնան դրական լուրերով, ապա հաջորդ քայլը կլինի առանց վարչապետի հրաժարականի ԱԺ-ի լուծարման մասին նախագծի ներկայացումը խորհրդարան։

Գործող Սահմանադրությամբ եւ կարգավորումներով՝ ԱԺ-ի լուծարման ճանապարհները հետեւյալն են․ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվի, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվի։ Երկրորդ ճանապարհն այն է, երբ կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը, եւ այն չի ընդունվում, ինչը հնարավոր չէ։
Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանին մերձ իրավաբանները, ի դեմս Վահե Գրիգորյանի, մտածում են փոփոխություն իրականացնել Սահմանադրության 92-րդ գլխում, որը տալիս է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն՝ խորհրդարանը լուծարելով։ Այստեղ ուզում են ավելացնել մի դրույթ, համաձայն որի՝ խորհրդարանը կարելի է լուծարել նաեւ պատգամավորների քվեարկությամբ։ Նաեւ որոշել են իրենց նախընտրությամբ շեմ սահմանել՝ թե քանի պատգամավորի քվեարկությամբ կարելի է խորհրդարանը լուծարել։ Բայց մինչ դրան հասնելը, այս պահին լուրջ խնդիր է 88 քվե հավաքելը եւ Սահմանադրությունում այդ փոփոխությունն իրականացնելը։

«Իմ քայլից» գրեթե բացառում են, որ շանտաժով կամ կոմպրոմատներով կարելի է խելոքացնել իրենցից ոմանց։ «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունից 5-ը խմբակցությունից դուրս է եկել։ Մնացածին՝ եթե ինչ-որ մի հրաշքով հաջողվի Փաշինյանին համոզել կամ վախեցնել, ապա, միեւնույն է՝ ստացվում է 83 ձայն, եւ չի փրկի անգամ անկախ հռչակված Արման Բաբաջանյանի եւ Սերգեյ Բագրատյանի աջակցությունը։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանի իրավաբանները գլուխ են կոտրում, որ մի կերպ հիմնավորեն, թե պարտադիր չէ 88 ձայնով Սահմանադրությունը փոխելը։ Մեզ պատմեցին, թե ինչպիսի «հիմնավորումներ» են գտել, բայց այդ մասին՝ հաջորդ դասին․․․
Եթե Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, հերթական անգամ ոտնահարի Սահմանադրությունը եւ սահմանադրական փոփոխությունն անցկացնի ավելի պակաս թվով ձայներով, ապա նախագիծը կհամարվի հակասահմանադրական, եւ գնդակը կհայտնվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ընդդիմության դաշտում։ Նախագահը կարող է չստորագրել հակասահմանադրական օրենքը, իսկ եթե ստորագրի,  ընդդիմությունը կարող է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։

Վերջին գրառումները

Ընտրացանկ