ՆԻԿՈԼՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ ԵՆ

Երեւի նկատել եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը վաղուց դադարեցրել է «ժողովրդավարության բաստիոն» բառակապակցությունն օգտագործելը: Կարծում եմ, գիտակցել է, որ մեր օրերում Հայաստանի Հանրապետությունը հեռու է իրական ժողովրդավարությունից անգլոսաքսոնական չափման միավոր մղոններով:

Բայց, այնուամենայնիվ, իներցիայով դեռեւս շարունակում է օգտագործել «ժողովրդի իշխանություն» բառակապակցությունը: Համարում է, որ ինքն ունի լեգիտիմության բարձր մակարդակ, քանի որ երկու տարի առաջ այն ստացել է ժողովրդի կողմից: Չնայած մեկ-մեկ գիտակցում է, որ պատերազմում իր «շնորհիվ» մեր ժողովրդի կրած ծանր պարտության պատճառով լեգիտիմության մակարդակը կարող է նվազած լինել: Դրա դրսեւորումն էր կապիտուլյացիոն եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո նրա թաքնվելն ինչ-որ բունկերում, ինչպես նաեւ ընդունելը, որ ինքը պատերազմում մեր պարտության թիվ մեկ պատասխանատուն էր (դե, մեղավոր լինելն ուրիշ խնդիր է): Թեեւ Նիկոլը Փաշինյան չէր լինի, եթե այդ օրերին էլ հարբած վիճակում հայաստանցիների վրա չհոխորտար՝ բունկերում թաքնվելով: 
Ինչեւէ, վերադառնանք մեր ոչխարներին, իմա՝ իրական ժողովրդավարությանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վարքագծի հարազատ լինելուն:

Վարքագծի եւ ոչ թե քաղաքականության, քանի որ Փաշինյան Նիկոլի հնարավորությունները կիլոմետրերով հեռու են քաղաքականություն մշակելու կամ իրագործելու գործընթացներից: Ժողովրդավարությունը, ի վերջո, ոչ թե փողոցի ճնշումով եւ Սահմանադրություն խախտելով իշխանություն զավթելն է եւ վարչապետ կարգվելով՝ խախտումներ անելը շարունակելը, այլ գործող Սահմանադրության շրջանակում ժողովրդավարության մեխանիզմներ կայացնելն ու ամրագրելը:

Իրական ժողովրդավարությունն այն է, որ դու գալիս ես ոչ թե պոպուլիստական կախարդական փայտիկով բոլորին երջանկացնելու, այլ հանրային մասնակցության մեխանիզմում երկրի առջեւ ծառացած բազմաթիվ արմատական խնդիրները լուծելու նպատակով: Իսկ այդ գործընթացը երբեք հեշտ ու հանգիստ չի տրվում, այն ուսերին ծանր բեռ կրելով առաջ շարժվելու գործողություն է: 
Ի դեպ, ժողովրդավարության վերաբերյալ տեսական դատողությունների շարանում չմոռանամ անդրադառնալ հոդված գրելու առիթ ծառայած իրադարձության հիշատակմանը: Նախորդ օրը նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գործող վարչապետին բաց նամակ էր գրել՝ պահանջելով ձեռք քաշել երկրի անվտանգության մարմինների միջոցով իրեն հրաժարականի պահանջ պարտադրելու գաղափարից:

Ասեմ, որ երեւի նման պահանջ պարտադրելու հիմք էր ծառայել պարոն Դարբինյանի կողմից վերջերս ընդդեմ Փաշինյան Նիկոլի մեկ-երկու սոցցանցային գրառում կատարելը: Եվ, ինչպես հասկացաք, անմիջապես գործի էր դրվել «փաշինյանական ժողովրդավարության» ծանր հրետանին: Չմոռանանք, որ մինչ այդ պարոն Դարբինյանը գովեստի խոսքեր էր ասում «հայաստանյան ժողովրդավարության» առաջնորդ Փաշինյանի հասցեին, եւ անվտանգության մարմիններն էլ, բնականաբար, նրանով չէին հետաքրքրվում: Ահա այսպիսի, մեր օրերի համար խիստ բնական «ժողովրդավարություն»: Իհարկե, վատ չէր լինի, եթե Հայաստանում իսկապես հաստատվեր իրական ժողովրդավարություն, բայց դրա առաջնային պայմանը Նիկոլի հեռացումն է վարչապետի պաշտոնից, քանզի Փաշինյան Նիկոլն ու ժողովրդավարությունն անհամատեղելի երեւույթներ են:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Վերջին գրառումները

Ընտրացանկ