Երկիրն անտերության է մատնված, ոչ մի պետական կառույց չի աշխատում: Թշնամի երկրի ղեկավարները մեզ նվաստացնելով ստանում են այն, ինչ ուզում են: Իսկ մեր երկրի ղեկն ամուր բռնած Նիկոլ Փաշինյանը վարում է թշնամի երկրի շահերը սպասարկող քաղաքականություն: ՀՀ քաղաքացու կյանքն ու սեփականությունը վտանգված են, արժանապատվությունը` ոտնահարված: Իրավիճակի ողբերգականության մասին կարելի է երկար խոսել: Այս օրերին մարդիկ հաճախ են հարց հնչեցնում, թե ինչ է անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչու գնաց Մոսկվա, ում հանդիպեց, ինչ խոսեց, ինչու է հիմա լռում: Ոմանք երկրին սպասվող վտանգավոր հեռանկարների մասին խորհելիս հակադարձում են, թե չի կարող այդպես լինել. Ռուսաստանը թույլ չի տա, Քոչարյանը Պուտինի ընկերն է եւ այլն։

Այսպես սկսել են խոսել անգամ նրանք, ովքեր մինչեւ վերջերս երկրորդ նախագահին համարում էին մարդասպան, արյունարբու, թալանչի, երկիրը ծախած եւ այլն։ Հասարակության որոշակի մասն արդեն սկսում է դուրս գալ հակաքոչարյանական քարոզչության թմբիրից եւ հիշել 1998-2008 թվականները, երբ Հայաստանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով վատ վիճակում չէր: Մենք ապրում էինք ապահով երկրում, չէինք մտածում, թե երկրի նախագահը երկրի շահերին դեմ փաստաթուղթ կստորագրի, պետական բյուջեն գերազանցող վարկեր կվերցնի կամ թշնամի երկրի նախագահի առջեւ ծնկի կգա: Քոչարյանի օրոք թշնամի երկրների նախագահները չէին ծաղրում մեզ ու մեր երկրի ղեկավարին: Նրա նախագահության օրոք թշնամին չհամարձակվեց ռազմական ագրեսիա իրականացնել մեր սահմանների, Արցախի նկատմամբ, պատերազմ չունեցանք, զոհեր չունեցանք: Իսկ այսօր քնում ենք` տագնապը սրտներումս, թե անկանխատեսելի Փաշինյանը գիշերը ինչ նոր աղետ է բերելու գլխներիս, եւ առավոտյան պարզելու ենք, թե Ալիեւի GPS-ն ում տան վրայով է անցել։

Քոչարյանի նախագահության տարիներին կարմիր ժապավեններ էին կտրվում, վերաբացվում էին գործարաններ, արտադրամասեր: Իսկ այսօր հայաստանյան փողոցներում սեւ ժապավեններ են կապված: Անգամ որոշ ազնիվ նիկոլապաշտներ են հիշում, որ իրենց տունը կառուցել են Քոչարյանի նախագահության տարիներին, իսկ այսօր կանգնած են թե՛ այդ տունը, թե՛ առհասարակ հայրենիքը կորցնելու վտանգի առաջ: Բայց իր ժամանակ Քոչարյանին էլ էինք քննադատում տարբեր բաների համար։ Օրինակ, այն բանի համար, որ բոլոր պատասխանատու պաշտոններին նշանակում է ծագումով արցախցիների, որոնք Երեւան էին գալիս ողջ ազգուտակով, որոնց նույնպես պաշտոններ էին տալիս, ու  այդպես ձեւավորվեց ղարաբաղյան կլանը: Նրանք իրենց արտոնյալ էին համարում երեւանցիների հանդեպ, որից մեծ դժգոհություններ էին կուտակվում: Այս հարցում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատություններն անտեղի չէին: Իսկ կրակի վրա յուղ էին լցնում նրա քաղաքական հակառակորդները: Բայց անգամ այդ կլանի գոյության ժամանակաշրջանում Հայաստանն ավելի ապահով էր, քան այսօր: Իսկ ի՞նչ եղավ, երբ «ղարաբաղյան կլանին» փոխարինելու եկավ օտարերկրյա գործակալների ու սորոսական կլանը. կորցրինք Արցախը, այսօր էլ կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ:

Այսօր հասարակության որոշակի մասը հույս է կապում Ռոբերտ Քոչարյանի հետ եւ խոսում է նրա վերադարձի մասին` քանդված Հայաստանը կրկին ոտքի կանգնեցնելու եւ արտաքին վտանգները վնասազերծելու համար, եւ հաճախ «մուննաթ» են գալիս, թե Քոչարյանն ինչու է լռում, ինչու է քաշվել մի կողմ։ Բայց այդ մարդիկ պետք է իրենք իրենց հարց տան` իսկ մենք ի՞նչ արեցինք այն ժամանակ, երբ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը սկսեց հետապնդել երկրորդ նախագահին, նրան մոտ երկու տարի պահեց անազատության մեջ, որեւէ կերպ սատարեցի՞նք նրան: Քանի՞ մարդ դուրս եկավ փողոց` ի պաշտպանություն նրա, քանի՞ հոգի հիշեց, որ իր տունը կառուցել է նրա նախագահության տարիներին: Իսկ համացանցը հեղեղված էր Քոչարյանի հասցեին վարկաբեկիչ նյութերով, ֆոտոշոփով պատրաստված լուսանկարներով: Քանի՞ անգամ հիշեցին Քոչարյանի նախագահության տարիների դրական կողմերը: Անգամ նրա աջակիցներն էին վախենում պիտակավորվելուց, «ռոբասերժական, պիցցայակեր, կաշառված» կոչվելուց ու ֆեյսբուքյան հարձակումներից։

Երբ պայթեց պատերազմը, առաջարկություն եղավ, որ նախկին երեք նախագահների, վարչապետների, նախարարների մասնակցությամբ ստեղծվի ռազմաքաղաքական խորհուրդ՝ ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու համար: Դա կլիներ ամենաճիշտ լուծումը, սակայն դրան դեմ էր Նիկոլ Փաշինյանը։ Խորհուրդը կարող էր խափանել նրա ծրագրերը, կամ էլ վախենում էր, որ խորհուրդը կարող է իր տակից փախցնել վարչապետի աթոռը: Ինչո՞ւ մենք դուրս չեկանք հրապարակ եւ չպահանջեցինք, որ ստեղծվի այդ խորհուրդը, եւ որ պատերազմը ղեկավարեն նախկին փորձառու երեք նախագահները…

Հիմա երկրորդ նախագահից պահանջում ենք, որ միջամտի, հանդես գա, խոսի Պուտինի հետ։ Բայց կարող էր, չէ՞, Պուտինը Քոչարյանին պատասխանել, որ Հայաստանի հասարակությունը նրան չի ընդունում, այլ ընդունում է Նիկոլ Փաշինյանին` կարեւոր չէ, թե ինչ հակապետական գործողություններ է նա իրականացնում, այն, ինչ արել է Նիկոլը, արտահայտում է հասարակության ցանկությունները: Մենք Ռոբերտ Քոչարյանին զրկեցինք բարոյական եւ իրավական մանդատից` արտաքին աշխարհում մեր ու մեր երկրի անունից հանդես գալու եւ պահանջներ ներկայացնելու, բայց նրանից ակնկալիքներ ունենք… Պահանջում ու սպասում ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed