Կարծում եմ, որ երեկ Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ քննարկվել է շատ ավելի լուրջ հարցերի շրջանակ, եւ դա կարելի է եզրակացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների անուղղակի արտահայտություններից:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը: «Դրանցից է ռազմագերիների եւ նրանց հանձնման հարցը, որը հայկական կողմն այս փուլում առաջնահերթ է համարում: Կարելի է ենթադրել նաեւ, որ ինչ-որ կերպ շոշափվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու հարցը»,- պարզաբանեց նա: Առայժմ, ինչպես նկատեց փորձագետը, հաջողվել է համաձայնեցնել միայն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, ինչը կարեւոր է Ադրբեջանի համար, եւ Ալիեւը միշտ հայտարարել է Մեղրիի միջոցով Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ ամենակարճ տրանսպորտային հաղորդակցությունը ապահովելու մտադրության մասին: «Դրա փոխարեն խոստացել են Ադրբեջանի տարածքով միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Դեռ դժվար է ասել, թե ինչպես դա կիրականացվի՝ հաշվի առնելով Բաքվի եւ Երեւանի միջեւ շարունակվող անվստահության մթնոլորտը, ինչպես նաեւ հայկական կողմի համար ռազմագերիների չլուծված խնդրի առկայությունը:

Կարեւոր է, որ հանդիպումն անցել է դեմ առ դեմ եւ նշվել է, որ այն կազմակերպվել է Պուտինի նախաձեռնությամբ: Ռուսաստանի համար կարեւոր է Անդրկովկասում կայունությունը եւ այնտեղ ռազմական էսկալացիայի կրկնության կանխումը: Մոսկվայում կայացած հանդիպմանը այս դիրքորոշումը կարող էր փոխանցվել հակամարտող կողմերի առաջնորդներին: Ղարաբաղյան հակամարտությունը երկար պատմություն ունի, միեւնույն ժամանակ, տարածաշրջանում նոր իրողություններ են ձեւավորվում, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել, այդ թվում` ռուսական կողմին, ինչը ենթադրում է հավասարակշռված հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Մոսկվան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի գոնե որոշ տնտեսական հարաբերություններ երկրների միջեւ հաստատվեն, որպեսզի հնարավոր լինի նաեւ առաջ տանել քաղաքական օրակարգը»,- ընդգծեց քաղաքագետը: Արեշեւի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բարդ է, եւ ժամանակ է պետք հասկանալու համար այն նոր իրողությունները, որոնց մասսայական մակարդակով ոչ ոք պատրաստ չէր: «Այս փոփոխությունները դեռ պետք է իմաստավորվեն, այդ թվում` օգուտների եւ վնասների համատեքստում՝ երկաթուղային հաղորդակցությունը ոչ միայն Մեղրիով, այլեւ Հայաստանից Նախիջեւանով Իրան բացելու դեպքում:

Հաշվի առնելով նաեւ այն, որ շատ հատվածներում երկաթուղային ուղին պարզապես ապամոնտաժված է, ապա դեռ դժվար է ասել, թե երբ այս ամենը կարող է իրականացվել: Ցանկացած դեպքում, ժամանակակից հնարավորություններից ելնելով, դա անելն այնքան էլ բարդ չէ, իսկ ահա քաղաքական խնդիրները, ասենք, դիվանագիտական լիարժեք հարաբերությունների հաստատումը, որը Երեւանի համար կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման հետ, ավելի լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումը: Կգնա արդյոք Հայաստանը այս ուղղությամբ լրացուցիչ զիջումների՝ առայժմ դժվար է ասլ։

Ըստ ամենայնի, անցկացվում են նաեւ հայ-թուրքական բանակցություններ՝ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման շուրջ: Եթե դա տեղի ունենա, ապա նոր երանգներ կներդնի Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության մեջ: Թուրքիային ձեռնտու է այստեղ իր գերիշխող դիրքը հաստատել, ինչպես նաեւ իր համար փակել տարածաշրջանային հակամարտություններից մեկը: Անկարայի համար կարեւոր էր ցույց տալ իր անփոխարինելիությունը՝ որպես տարածաշրջանային դերակատար: Մենք տեսնում ենք, որ նա ակտիվորեն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, եւ կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի: Սրա հետ մեկտեղ, Թուրքիան եւ Ադրբեջանը կձգտեն մեծացնել իրենց տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա, եւ դրանում անսպասելի ոչինչ չկա»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքներով ստորագրվել է փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարություն, որը կաշխատի տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից առավել առաջնահերթ համարվող գերիների վերադարձի հարցը որեւէ լուծում չի ստացել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed