Սթրեսը կարող է կապված լինել սրտի մոտալուտ նոպայի հետ. հետազոտություն

Շվեդիայի Լինչյոպինգի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակի եւ դրան հաջորդող սրտի նոպայի միջեւ: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գիտնականները անալիզի են ենթարկել 174 կամավորների մազերի նմուշները, հայտնում է MedicalXpress-ը: Մազերը եղել են 1-3 սմ երկարության, ինչը համապատասխանում է 1-3 ամսվա աճին: Բոլոր կամավորները սրտամկանի կաթվածով ընդունվել են Շվեդիայի հարավ-արեւելքում գտնվող սրտաբանական կլինիկաներ: Մասնագետները որպես ստուգիչ խումբ օգտագործել են սրտի կաթված չտարած ավելի քան 3 հազար կամավորների մազերի նմուշները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր սրտի նոպա են տարել, հոսպիտալացվելուց մեկ ամիս առաջ կորտիզոլի վիճակագրորեն ավելի բարձր մակարդակ են ունեցել: Այսպես է եղել անգամ սիրտ-անոթային խախտումների ռիսկի այլ գործոնների առակայությունը հաշվի առնելու դեպքում, որոնց թվում են՝ արյան բարձր ճնշումը, արյան մեջ լիպիդների բարձր մակարդակը, ծխելը, դիաբետը, ժառանգական նախահակվածությունը:

Ավելին՝ կորտիզոլի մակարդակը նոպայի ավելի լուրջ կանխատեսող է, քան ռիսկի ավանդական գործոնները:

Հետազոտողներն առայժմ չեն կարող բացատրել, թե հետազոտության մասնակիցների մոտ հատկապես ինչն է առաջացնում կորտիզոլի մակարդակի մեծացում: Սթրեսը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ազդեցությունների հետեւանք, օրինակ՝ այլ հիվանդությունների: Ընդ որում՝ կենսաբանական սթրեսը ոչ միշտ է համապատասխանում մարդու հոգեկան վիճակին:

Վերջին գրառումները

Ընտրացանկ