2020 թվականին Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ էր հայտարարել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու գործը:

Ըստ քրեական գործի՝ նախորդ իշխանության օրոք իշխող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի 75-րդ համարը զբաղեցրած անկուսակցական թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու համար մեղադրվում է թեկնածուի եղբոր նախկին աշխատակիցը՝ Արթուր Բաբայանը։ Վերջինս ստորագրություն է տվել չբացակայելու համար, մեղադրանքը չէր ընդունում և հրաժարվել էր ցուցմունք տալ:

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաբայանն, ըստ քրեական գործի, այնպես է արել, որ իրենց դիմած թոշակառուի աչքերի վիրահատությունն իրականացվի պետական միջոցների հաշվին պայմանով, որ նա պետք է ընտրի իր վերադասի՝ թաղապետ Արմեն Ուլիխանյանի եղբորը։ Քաղաքացին այդպես էլ արել է։ ՀՀԿ-ի՝ ակտիվ քարոզչություն ծավալած թեկնածու Ուլիխանյանը, սակայն, 2017-ի ընտրություններին խորհրդարան չի անցել։

Նախաքննության ընթացքում թոշակառու քաղաքացին հարցաքննվել է և պատմել է եղելությունը։ Նա ըստ էության, ժամանակին իրեն քվեի դիմած աջակցած Արթուր Բաբայանի դեմ ցուցմունք է տվել։ Ըստ իրավապահների՝ ընտրակաշառք վերցրած թոշակառուն ընդունել է, որ չունենալով բավարար միջոցներ աչքի վիրահատությունը կատարելու համար, դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, որտեղ իրեն Արթուր Բաբայանը հայտնել է, որ կօգնեն վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու համար, փոխարենը պահանջել է, որ ամբողջ ընտանիքով մասնակցեն 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին և կողմ քվեարկել վարչական շրջանի ղեկավարի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին:

Այս գործը քննվում էր դատարանում եւ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Արթուր Բաբայանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ: Ըստ այդմ դատարանը որոշում կայացրեց Արթուր Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 միլիոն ՀՀ դրամի չափով :
Արթուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «ստորագրություն չհեռանալու մասինե, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Բաբայանի գույքի վրա դրված կալանքը վերացնել: