ՏՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻ ՄԱՍՆ ԻՐԵՆՑ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻ ՏԱՆՆ Է ԱՊՐՈՒՄ

Պատերազմի ավարտից հետո Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքների մեկ տասնյակից ավելի տներ անցան թշնամու տնօրինության տակ։ Սյունեցիները հասկացան, որ այսուհետ ստիպված են ապրել ադրբեջանցիների կողքին։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում Սյունիքում։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նշում է, որ տները կորցրած քաղաքացիների համար բարերարների օգնությամբ տներ են կառուցվելու․ «Նախագծերն արվել են, մի մասի շինարարությունը՝ մի 2 օրից, իսկ մյուս մասինը ամսվա վերջ կսկսվի։ Բոլոր բնակիչները ստանալու են տներ, եւ դրանից հետո՝ ինչ-ինչ պատճառներով դուրս եկած հայրենակիցներին, ցանկության դեպքում, կտրամադրվեն բնակարաններ։ Կոնկրետ այս դեպքում Գորիս խոշորացված համայնքը, Որոտան եւ Շուռնուխ գյուղերն են, որտեղ բնակելի տներ են անցել թշնամուն։ Տները կորցրած մարդկանց մի մասն իրենց գյուղում հարեւանների տանն է ապրում, մի մասն էլ Գորիս եւ Կապան է տեղափոխվել՝ իրենց բարեկամների տուն, մինչեւ տները կլինեն պատրաստ»։ Այդ հարցի լուծման համար պետությանը չե՞ն դիմել, քաղաքապետը բացասական պատասխան տվեց։ Ինչ վերաբերում է այս համայնքներից անվերադարձ հեռանալու հարցին, պատասխանեց․ «Մենք սյունեցիներ ենք եւ անկախ իրավիճակից՝ վտանգավոր իրավիճակից, մենք էստեղ ապրում ենք, ապրելու ենք»։

Շուռնուխ համայնքի 12 տներ հունվարի 5-ից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում․ նրանք այժմ ժամանակավոր ապրում են գյուղի այլ բնակիչների տներում։ Համայնքապետ Հակոբ Արշակյանը նշում է՝ վախի մթնոլորտ գյուղում չկա․ «Ընդհանուր առմամբ, եթե ասենք, որ ահաբեկված են՝ այդպիսի բան չկա, հասկանում են։ Մեծ մասը պատերազմի միջով անցած տղերք ու ընտանիքներ են։ Ուղղակի տհաճություն է, էլի, մի քանի մետրի վրա թշնամին  է։ Իսկ կորցրած տների հետ կապված, երկու թաղամաս են կառուցում՝ բարերար մարդկանց կողմից, արդեն սկզբնական աշխատանքները կատարված են, երկրորդ թաղամասն էլ կառավարության կողմից է, իրենց աշխատանքները կատարել են։ Տեսնենք ոնց կլինի»։

Գյուղապետը նաեւ նշում է՝ անասնապահությամբ զբաղվելու խնդիր է առաջացել․ «Անասունները գոմերում են։ Բաց են թողնում ջրի կամ արոտի, այդ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Հիմա կա «էլեկտրական հովիվ», որն անասուններին հոսանքահարում է, ետ պահում, չի թողնում մոտիկանան, անցնեն սահմանը»։ Շուռնուխից մի քանի ընտանիք ցանկություն է հայտնել փոխհատուցում ստանալուց հետո հեռանալ համայնքից։ «Բայց ընդհանուր ժողովուրդը մնալու է, իրենց գյուղն է, իրենց տունն է, կտեղափոխվեն վերեւի թաղամաս, բայց իրենց գյուղում կապրեն»։ Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ սահմանին հանգիստ է․ «Նրանք կարա՞ն ձեն հանեն, փոքրիկ երեխան ձայն հանի, իրենք կփախնեն։ Իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, ադրբեջանցի սահմանապահներ են, իրենք իրենց շողքից վախենում են»։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը նշում է՝ հայտնի դեպքերից հետո քաղաքը լքողներ եղել են․ «Դուրս են եկել քաղաքից, գյուղերից էլ, հիմնականում՝ դեպի Երեւան»։
Բացի այդ ցավալի կորուստներից, Կապանը նաեւ տուրիզմի հետ կապված խնդիրներ կունենա։ Քաղաքապետն ասում է՝ իրենք տուրիզմի զարգացման կամ աճի հետ կապված հույսեր չունեն այլեւս․ «Ամռանը լինում էին տուրիստներ, եթե նախկինում մտածում էինք այդ ուղղությամբ զարգացնել, հիմա, ճիշտն ասած, դրա հետ կապված նույնիսկ մտքեր էլ չունենք, ծրագրեր էլ կային, որոնք չեղարկել ենք»։

Դա նաեւ համայնքային բյուջեի վրա է ազդելու․ «Հասցրեցինք 2020-ը 97 տոկոսով կատարել, բայց, այո, ընդհանուր առմամբ՝ զգացվում է։ Կարծում եմ՝ 2021-ին, ոնց էլ չլինի, ազդեցությունը եւս կլինի»։ Նրա խոսքով՝ վախի մթնոլորտ եւ անհանգստություն դեռեւս որոշակի առումով կա։

Ընտրացանկ