Twitter-ի բաժնետոմսերը անկում են ունեցել Թրամփի հաշիվը արգելափակելուց հետո

Երկուշաբթի ԱՄՆ-ում նախնական սակարկությունների ժամանակ Twitter ընկերության բաժնետոմսերը ավելի քան 8 տոկոսով գնանկում են ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախնական սակարկություններում ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 7,89 տոկոսով՝ հասնելով մինչեւ 47,42 դոլարի: Մի քանի րոպեներ առաջ անկումը հասել էր 8,3 տոկոսի:

Հունվարի 9-ին Twitter սոցցանցը Թրամփի հաշիվը սառեցրել էր «բռնության հետագա հրահրման ռիսկի հետ կապված» պատճառի հիման վրա: Դրանից բացի, հունվարին ավելի վաղ Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը եւ ուրիշ սոցիալական ցանցեր տարբեր ժամկետներով փակել էին հասանելիությունը Թրամփի պրոֆիլներին: Այդպիսի միջոցների պատճառը ԱՄՆ նախագահի ուղերձներն էին ցուցարարներին, որոնք հունվարի 6-ին ավերածություն էին կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքում: Թրամփը պաշտոնից հեռանալու է հունվարի 20-ին, նախագահի  պաշտոնը ստանձնելու է նոյեմբերին ընտրված Ջո Բայդենը:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թրամփը երկուշաբթի ավելի ուշ հանդես կգա սոցցանցերի կողմից իր էջերն արգելափակելուն առնչվող հայտարարությամբ:

Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքն է կարճ հաղորդագրությունների փոխանակման համար սոցիալական ցանցը: Ընկերության կենտրոնակայանը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա նահանգ:

Ընտրացանկ